Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնման պահից հայկական կողմը ցուցաբերել է հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշում, ինչը բացարձակապես չի կարելի ասել Թուրքիայի մասին։ Նման հայտարարությամբ ԱԺ հայտարարություների ժամին այսօր հանդես է եկել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականացրած նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացվեց. «Չնայած Թուրքիայի վրա միջազգային հանրության կողմից գործադրված ճնշումներին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առայժմ հաջողությամբ չի պսակվել, սակայն նույն այդ միջազգային հանրությունը պաշտպանում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումը՝ արձանագրելով, որ ղարաբաղյան հարցի կարգավորման եւ հայ-թուրքական գործընթացները զուգահեռ թեմաներ են»,- նկատել է Դալլաքյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի ժամանակավոր կասեցմանը՝ ԱԺ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս կերպ դիվանագիտական քայլ կատարեց նաեւ Ադրբեջանի նկատմամբ, որը ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին փորձում է որպես ապակառուցողական ուժ ներկայացնել։




























