Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս գոյություն չունեն եւ ժողովրդին ուղղված իր վերջին ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց դա է ասել դիվանագիտական լեզվով: Այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ բյուրոյի անդամ, նախկին սոցապ նխարար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, արձանագրությունները հետագայում այս տեսքով քննարկումների հիմք չեն դառնա: Նրանք «դե յուրե» գոյություն ունեն, բայց «դե ֆակտո»` մեռած են: «Կարելի էր հետ կանչել ստորագրությունները եւ դա ճիշտ կլիներ, սակայն ցավոք, Հայաստանը դեռ այդքան հզոր ու ինքնուրույն պետություն չէ»,- ասել է նա: Այդուհանդերձ, Ա. Վարդանյանի ներկայացմամբ, հայ-թուրքական արձանագրությունների հարցը փակված է:

Այնուհետեւ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից բարձրացվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջին, դաշնակցական գործիչը նշել է, որ արձանագրությունները երկակի մեկնաբանության տեղիք էին տալիս, ինչը ԱԳՆ-ի բացթողումն է, քանի որ դա այդ հաստատության աշխատանքի արդյունքն է: «Եւ որքան էլ նախարար Նալբանդյանը պնդի, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, փաստերը հակառակի մասին են խոսում»,- ընդգծել է նա:

Աղվան Վարդանյանը նաեւ խիզախություն համարեց այն, որ Սերժ Սարգսյանը արձանագրությունների վավերացման կասեցման մասին հայտարարեց Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց: «Ժողովուրդն ու հասարակությունն ապրում են խորհրդանիշերով եւ ես կարծում եմ, որ պետք է գնահատել նախագահի վճռականությունը, որ նա հենց այդ օրը զատեց մեզ նման խորհրդանիշ-պիտակից»,- ընդգծել է նա: