Ներկայումս Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փոփոխության հարցը չի քննարկվում, NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ անարդյունավետ աշխատանքի պատճառով Էդվարդ Նալբանդյանը պետք պաշտոնաթող լինի։
Նրա խոսքով, ՀՀԿ գոհ է Նալբանդյանի աշխատանքից, հակառակ դեպքում նա այդ պաշտոնը չէր զբաղեցնի։ Սահակյանի խոսքով, նմանօրինակ հայտարարություններով ՀՅԴ փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն դրանք ՀՀԿ-ի եւ կառավարության կարծիքի վրա չեն ազդի։
«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր հերթին եւս պաշտպանել է Նալբանդյանին՝ ընդգծելով, որ ՀՅԴ իզուր է փորձում նրանից քավության նոխազ սարքել, քանի որ արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն կրում է ոչ թե նա, այլ նախագահը։




























