«Հայ-թուրքական հարաբերությունները հայ քաղաքական մտքի, ինչպես նաեւ ողջ արեւմտյան քաղաքակրթության իդեալիստական, նույնիսկ ռոմանտիկ մոտեցումների ձախողումներն են»,- ապրիլի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։
Նրա խոսքով, հակառակ իշխանությունների՝մեզ մատուցած տեսակետի, թե հանուն երկրի եւ ժողովրդի բարեկեցության Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարելի է որոշակի զիջումների գնալ, նույն այդ իշխանությունները չեն հաշվարկել մի կարեւոր բան. «Մենք ունենք Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք վիճարկում են իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը եւ այս պայմաններում Թուրքիայի հետ համագործակցության գնալ նմանօրինակ իդեալիստական պայմաններով, նշանակում է գնալ վտանգավոր գործընթացներով հղի իրավիճակի»,- համոզմունք հայտնեց Նռանյանը։
Նշելով, որ արձանագրություններում առկա վտանգների մասին արդեն գիտակցում են նաեւ իշխանության շարքերում, նա համոզմունք հայտնեց, որ պետք է անհապաղ հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից. «Այդ արձանագրություններն իրականում պետք է մերժել, մեր սերունդը պետք է մաքրվի այդ բծից»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով, որ հակառակ դեպպքում ստիպված կլինենք ինչ-որ պահի ամեն ինչ սկսել նույն կետից։ Ամփոփելով՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց. «Հայ-թուրքական գործընթացն ապացուցեց, որ ԱՄՆ այնքան էլ ուժեղ չէ, որ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելով հասի իր ուզածին»:




























