«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը բացասական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կասեցումը: Այս մասին նա ասել է այսօր` ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, որ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի հրամանագիրն ու ուղերձը բավական տհաճ և վտանգավոր իրավիճակ են ստեղծելու ՀՀ-ի համար:
«Ես ի սկզբանե կասկածել եմ, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն իրենց որակով ի վիճակի են սպասարկել նման բարդ գործընթացը։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի իշխանություններն աչքի ընկան իրենց ապակառուցողական վարքագծով»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր գործիչը, նկատելով, որ անկախ Թուրքիայի իշխանությունների վարքագծից՝ «դե յուրե» առաջինը Հայաստանն է պաշտոնապես կասեցրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը, եւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ձախողման պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի վրա։
«Թուրքիայի իշխանությունները հրահրեցին, որ Հայաստանի իշխանությունները որդեգրեն ավելի ագրեսիվ պահվածք, և, ցավոք սրտի, խոսակցական լեզվով ասած, Հայաստանի իշխանությունը կերավ Թուրքիայից եկած կուտը»,- նշել է Սուրեն Սուրենյանցը:




























