ԵԽԽՎ ապրիլի 29-ի լիագումար նիստի ընթացքում նախագահող, ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է տարածել, որի նախագիծը մեկ օր առաջ ներկայացրել էր հայկական պատվիրակությունը։
Մինյոնը հայտնել է, որ հայտարարությունը բաց է ստորարության համար, եւ ցանկացողները կարող են միանալ։ Գրավոր հայտարարությանը միացել են ավելի քան 15 երկրների ներկայացուցիչներ։ Նրանց թվում է եղել նաեւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նպաստում է մարդու արժանապատվության հարգմանը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Բացի այդ, վկայակոչելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր երկրների կողմից՝ Վեհաժողովի անդամներին կոչ է արվում 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Համաձայն հայտարարության՝ նմանօրինակ քայլերը կնպաստեն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:



























