Իսրայելական Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման ընթացն ու արդյունքը դժվար թե Հայաստանի համար դրական ելք ունենա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում է արել թուրքագետ, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Իսրայելը չի ընդունի բանաձեւը երկու պատճառով: Առաջին, Իսրայելում դեռ համարում են Հոլոքոսթը յուրահատուկ ողբերգություն մարդկության պատմության մեջ եւ պատրաստ չեն հաշտվել, որ այլ ժողովուրդ եւս վերապրել է նման դժբախտություն, եւ երկրորդ, չնայած վերջին տարաձայնություններին թուրք-իսրայելական հարաբերություններում, այդ երկու պետությունները գործընկերներ են, ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ Թել-Ավիվը չի ոտնահարի Անկարայի շահերը:
Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում բանաձեւը Քնեսեթի օրակարգում ընդգրկելը, Սաֆրաստայնը պատասխանել է. «Այդկերպ, Թել-Ավիվը փորձում է ազդեցություն գործել Անկարայի վրա, հասկացնել, որ իրեն դուր չեն գալիս Թուրքիայի իշխանությունների վերջին հայտարարությունները»:
Նշենք, որ Ցեղասպանության հարցի քննարկումը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի օրակարգում: Քննարկմանը դրական են արտահայտվել վարչապետ Նեթանյահուի ներկայացուցիչն ու Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլինը, իսկ հիմնականում դեմ են խոսել «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ներկայացուցիչները, որում գերակշռում են նախկին ԽՍՀՄ-ից, հատկապես Ադրբեջանից Իսրայել գաղթած հրեաները:




























