«Ազատություն» կուսակցության առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին մեղադրել է առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանությունը պատվիրելու մեջ։

«Կավկազ-պրեսս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բրեգաձեն մասնավորապես ասել է.

«Միանշանակորեն հայտարարում եմ, որ Զվիադ Գամսախուրդիային սպանել են եւ նրա սպանությունը պատվիրել է Էդուարդ Շեւարդնաձեն, ինչի համար էլ նա պետք է պատասխան տա»։ Նրա տեղեկություններով՝ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան, ներկայումս գտնվում է Եվրոպայում, որտեղ հանդիպումներ է ունենում դատաբժշկական փորձագետների հետ։ Բրեգաձեի հաղորդմամբ, սպանության գործում ձեռք են բերվել նոր կարեւոր փաստաթղթեր, եւ Կոնստանտին Գամսախուրդիայի այցելությունը Եվրոպա կապված է հենց այդ փաստաթղթերի փորձաքննության հետ։

Նշենք, որ Կոնստանտին Գամսախուրդիան Զվիադ Գամսախուրդիայի սպանության պատճառները պարզելու համար ձեւավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է։ Զվիադ Գամսախուրդիան մահացել է 1993 թվականի դեկտեմբերին։