Արձագանքելով ցյուրիխյան արձանագրությունների տառին եւ ոգուն Թուրքիայի հավատարմության մասին այդ երկրի վարչապետի հայտարարություններին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է.

«Վարչապետ Էրդողանը ակնհայտորեն դեմագոգիայով է զբաղված: Սակայն նրա ընտրած թիրախը անհասկանալի է ինձ համար: Եթե նա դիմում է իր ժողովրդին, ապա ինչո՞ւ է ասում, թե Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների տառին եւ ոգուն, հատկապես եթե նույն ելույթում կրկին հակասում է իրեն՝ պնդելով, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվար կլինի առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման»:

Նրա խոսքով, «եթե Թուրքիան իրականում հավատարիմ է արձանագրությունների տառին եւ ոգուն, ի՞նչն է խանգարում Էրդողանին անմիջապես վավերացնել արձանագրությունները խորհրդարանում. երեւի թե Ադրբեջանի պատանդի կարգավիճակից դուրս գալու սարսափը»: