Թուրքիան, որպես իրեն չվերաբերող հարցերին խառնվող երկիր, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցում խիստ կողմնակալ ուժ, ցանկալի կլինի, որ չխոսի հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ է բացել ոչ միան հայ-թուրքական, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։
Նրա խոսքով, Թուրքիայի պատմական փորձառությունն այնքան վատն է, որ տարածաշրջանում ինչ-որ խնդիրների լուծմանն աջակցելու նրա փորձերը միշտ աղետով են ավարտվել. «Թուրքիան նախ պետք է իրեն վերագտնի որպես ներքին խաղաղություն եւ արդարություն գեներացնող պետություն, ինչից հետո մյուսները վստահություն կունենան, որ այդ երկիրը տարածաշրջան բերում է հենց այդ արժեքները»,- նշեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ հայ-ադրբեջանական գործընթացը չի կարող լինել թուրքական քմահաճույքների, շանտաժների եւ նախապայմանների դիմաց Հայաստանի կամ Ղարաբաղի վճարելիք արժեքը։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Օքսֆորդում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է բացել ոչ միան հայ-թուրքական, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։




























