Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, թե իր համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին ուղերձով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզ դարձրեց, որ Հայաստանը չի դադարեցնում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը, այլ սպասում է այն ժամանակին, երբ Թուրքիան ավելի պատրաստ կլինի դրան:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը ողջունել է նախագահ Սարգսյանի որոշումը` կենդանի պահել գործընթացը՝ մանրամասնելով.- «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել` անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար»:

Հարցին, թե Վաշինգտոնն ընդունո՞ւմ է, որ գործընթացի կասեցման մեղքն իսկապես թուրքական կողմինն է, Մարի Յովանովիչը պատասխանել է.- «Համոզված չեմ, թե տվյալ դեպքում մեղավոր փնտրելը կոնստրուկտիվ կլիներ: Կարող եմ արձանագրել միայն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում միշտ հստակ է եղել։ Վերահաստատեմ այն` հայ-թուրքական մերձեցման գործընթացը պետք է առաջ գնա խելամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների»:

«Ես ինքս այս ընթացքում թուրքերի շատ խմբեր տեսա այստեղ` Հայաստանում. ուսանողներ, զբոսաշրջության գործակալներ, ովքեր հետաքրքրված են այստեղ գործարարությամբ զբաղվելու հարցում: Կարծում եմ, այս ամենը շատ դրական է: Դրական է նաեւ այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվել է ապրիլի 24-ը` հայերի հիշատակի օրը»,- ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը: