Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք շահեկան դուրս եկանք։ Առաջինն այն պատճառով, որ կասեցրինք արձանագրությունների վավերացումը, ինչը հավանության արժանացավ բոլոր գերտերությունների կողմից, եւ նաեւ այն, որ հիմա սպասվում է պատասխան քայլ Թուրքիայի կողմից ու նրանք, ուզեն, թե չուզեն, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն։ Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արծրունի Աղաջանյանը։
ՕԵԿ-ականն ասաց, որ նախագահը հանդես եկավ նախաձեռնողական քաղաքականությամբ եւ ցույց տվեց աշխարհին, որ Հայաստանը հուսալի գործընկեր է։ Աղաջանյանը նաեւ նշեց, որ իրենց կուսակցությունը դրական է գնահատում արձանագրությունների վավերացումը կասեցնելու նախագահի նախաձեռնությունը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում կատարած աշխատանքները։ Ըստ ԱԺ պատգամավորի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն ունեցավ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա։




























