Դատելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակից՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մոտ ապագայում անհնար է։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։

Նրա խոսքով, դրան նպաստում են նաեւ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե արձանագրությունները չեն վավերացվի մինչեւ ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի։

Սաբինա Ֆրեյզերի կարծիքով, այժմ պետք է մի կողմ թողնել հայ-թուրքական արձանագրությունները եւ փորձել զբաղվել այլ հարցերի լուծմամբ, օրինակ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։ «Երկու երկրների ղեկավարները վերջին 1.5 տարում մի քանի անգամ հանդիպել են, իսկ դա կարող է վերաճել դիվանագիտական հարաբերությունների։ Սահմանների ճանաչումը եւս կարող է նպաստել դրան»,- ասել է Ֆրեյզերը։