Թուրքական Milliyet-ի թղթակից Թահա Աքյոլը իր «Արձանագրությունները ապրում են» հրապարակման մեջ մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը` նշելով, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում թե՛ Ղարաբաղի հարցի, թե՛ պատմական իրադարձությունների քննարկման համար բաց թողնված տեղեր կան:

Թահա Աքյոլը հրապարակման մեջ ներկայացրել է Ուկրաինա ուղեւորվելիս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ տեղի ունեցած զրույցից մանրամասներ: «Իմ այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները մահացե՞լ են, Դավութօղլուն պատասխանեց. „Ոչ, արձանագրությունները ապրում են: Եթե վերլուծություն իրականացնեք, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր ունեցած ներկայիս հարաբերությունները մեկ տարի առաջվա համեմատ ավելի լավն են: Նշանակում է` գետը առանց կանգ առնելու հոսում է“-ասաց Դավութօղլուն»,-գրում է Աքյոլը:

Այնուհետ Milliyet-ի թղթակիցը Ղարաբաղի եւ 1915-ի հետ կապված մեջբերում է Դավութօղլու հետ զրույցից մեկ այլ հատված: «Նախարարին հարցրեցի, թե արդյո՞ք առանց Ղարաբաղի խնդրին անդրադառնալու եք Հայաստանի հետ սեղանի շուրջ նստել, Դավութօղլուն հիշեցրեց „կառուցողական անորոշություններ“ (constructive ambiguity) սկզբունքը»: Թահա Աքյոլը եզրակացնելով, որ արձանագրությունների «անորոշ» տեքստը ապահովելու է գործընթացի սկիզբը եւ այնուհետ քայլ առ քայլ առաջընթացը` ավելացրել է, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում թե՛ Ղարաբաղի հարցի, թե՛ պատմական իրադարձությունների քննարկման համար բաց թողնված տեղեր կան: