Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումներում քննարկվելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Այդ մասին ադրբեջանական Day.Az գործակալությանը հայտնել է խորհրդարանի պատգամավոր Ալի Ահմեդովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Անկարա:

Նրա կարծիքով, Թուրքիայի իշխանությունները հավատարիմ են մնում այն քաղաքականությանը, որ վարել են առ այսօր, եւ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն ղարաբաղյան կարգավորման դեպքում:

«Կարծում եմ, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ելնելու է հենց այդ սկզբունքից: Թուրքիան տնտեսական եւ այլ չափորոշիչներով բավական զարգացած պետություն է եւ ի վիճակի է ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներին: Չեմ կարծում, որ որեւէ երրորդ երկիր կարող է ճնշում բանեցնել Թուրքիայի վրա եւ ստիպել հրաժարվել իր քաղաքականությունից»,- ընդգծել «Ենի Ազերբայջանի» փոխնախագահը: