«ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան շատ առումներով աննախադեպ է Հայաստանի համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցութան քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում եւ Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի հռետորաբանության եւ հայտարարությունների տարբերությունը ինքնին շատ բաների մասին է վկայում։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի վերաբերյալ Քլինթոնի հայտարարություններին, ապա պետք է նշել, որ հոռետեսների այն կանխատեսումները, թե պետքարտուղարը հայ-թուրքական գործընթացի հետ կապված ճնշում կբանեցնի Հայաստանի վրա՝ չիրականացան։ Քլինթոնը ոչ միայն ողջունեց Երեւանի վարած քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այլ նաեւ գործածեց նախագահ Սերժ Սարգսյանի տերմինաբանությունը, թե՝ գնդակը Թուրքիայի դարպասում է»,-նկատեց Շարմազանովը։ Նա նաեւ կարեւոր համարեց ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը Ծիծեռնակաբերդ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ «Այդ ժեստը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ը հավատարիմ է համամարդկային արժեքներին։

Այսպիսով, Վաշինգտոնը եւս մեկ անգամ ընդգծեց, որ դատապարտում է մարդկության նկատմամբ ցանկացած հանցագործություն»,-նշեց պատգամավորը։ «Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի շուրջ իրավիճակին, ապա շատ կարեւոր է այն փաստը, որ պետքարտուղարը դատապարտեց բռնությունների կիրառումը, եւ մենք բոլորս գիտենք, թե ով է ավելի շատ դիմում այդ մեթոդներին»,-նշեց Շարմազանովը։ Բացի այդ, հիշեցրեց Շարմազանովը, Քլինթոնն իր ելույթում հղում կատարեց  Ադրբեջանի եւ ԼՂ-ի շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրին, որը ստորագրվել է 1994 թվականին՝ Ստեփանակերտի մասնակցությամբ։ «Սա նշանակում է, որ Քլինթոնը անուղղակիորեն ընդունեց բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտությունը։  Բացի այդ, նա ընդգծեց, որ խաղաղության կարիք առավելապես ԼՂ ժողովուրդն ունի, ինչը անուղղակի հաստատումն է այն բանի, որ Քլինթոնը Ղարաբաղի ժողովրդին դիտում է որպես առանձին սուբյեկտ»,-նշեց Շարմազանովը։ 

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին ընդհանրապես, նա ընդգծեց, որ Սարգսյանի եւ Օբամայի նախագահության օրոք երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի են հասել, իսկ պետքարտուղարի այցը այդ հարաբերությունները դրեց նոր հարթության վրա։