ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիա չայցելելով ցույց տվեց, որ դժգոհ է տարածաշրջանում Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունից։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա, ամփոփելով պետքարտուղարի՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնչած հայտարարությունները, նշեց, որ դրանք իրենց մեջ մի քանի հիմնական մեսիջներ էին պարունակում։ Սաֆարյանը հիշեցրեց, որ Քլինթոնի այցը տարածաշրջան կոչվում էր Արեւելաեվրոպական շրջագայություն, որի ընթացքում Թուրքիա չայցելելը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն այդ երկիրը չի դիտարկում որպես Արեւելյան Եվրոպայի մաս։
Երկրորդ՝ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, Քլինթոնը գովաբանեց Հայաստանի իշխանությունների վարքագիծն ու նշեց, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է։ Այսպիսով, ըստ Սաֆարյանի, ամերիկացի պաշտոնյան գործընթացի ողջ պատասխանատվությունն ու դրա ձախողման բեռը դրեց Թուրքիայի վրա։ Իսկ ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդ այցելությանը, ապա դա եւս, պատգամավորի կարծիքով, ցուցադրական, սիմվոլիկ քայլ էր, որով Քլինթոնը ինչ-ինչ բաներ հասկացնել տվեց Թուրքիային։ ԱՄՆ պետքարտուղարի հաջորդ կարեւոր մեսիջը, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն էր վերաբերում։ «ԱՄՆ պետքարտուղարը ազդարարեց, որ հակամարտությունները, բացի խաղաղ ճանապարհից, լուծման այլ ելք չունեն»,-նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այդ մեսիջն ուղղված էր առավելապես Ադրբեջանին, որն էլ հաճախ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ դիմում զինված սադրանքների։ Հետեւապես, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ադրբեջանը պետք է լուրջ հետեւություններ անի իրեն անուղղակի հասցեագրված հայտարարությունից, հասկանալով, որ տարածաշրջանում նժարին շատ թանկ բաներ կան դրված եւ գերտերությունները թույլ չեն տա, որ դրանց որեւէ վտանգ սպառնա։ «Նժարին դրված են խողովակաշարեր, նավթային շահեր, եւ Ադրբեջանն իր իմպրովիզներով չպետք է սպառնա այդ խողովակաշարերի անվտանգությանը»,-նկատեց Սաֆարյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ԱՄՆ-ի շահագրգռության մասին։




























