Թուրքական հասարակությունը հակված է հայերի եւ Հայաստանի հետ առավել մոտ հարաբերություններ հաստատել։ Այս մասին հուլիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը։

Նրա խոսքով, Թուրքիայում առկա հասարակական կարծիքը նպաստավոր է հայ-թուրքական առկախված գործընթացը վերսկսելու համար։ «Որ ամեն ինչ հեշտ չէր ստացվելու, գիտեինք բոլորս, սակայն այնքանն էլ հերիք է, որ գործընթացին սկիզբ է դրված, եւ Թուրքիայում տրամադրությունները փոփոխվում են»,- տեղեկացրեց Հատտեճյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ թուրքական մամուլն ամեն օր այս կամ այն կերպ անդրադառնում է հայ-թուրքական սառեցված գործընթացին։ «Այդ անդրադարձերն ընդհանուր առմամբ շատ նպաստավոր են, երբեմն էլ, իհարկե, աննպաստ եւ թշնամական»,- նշեց «Մարմարա» օրաթերթի խմբագրապետը։

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ թուրքական իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին նախօրեին Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այն հայտարարությանը, թե «գնդակն այժմ թուրքական կիսադաշտում է, եւ հասել է գործելու նրանց ժամանակը», Ռոպեր Հատտեճյանը նկատեց, որ ինքը մի քանի որ է, ինչ չի ծանոթանում թուրքական մամուլի հրապարակումներին եւ կոնկրետ ոչինչ ասել չի կարող։ «Սակայն 3-4 օր հետո նյութը կզարգանա եւ թուրքական հեղինակավոր թերթերը դեռեւս կհասցնեն գրել այդ մասին»,-ամփոփեց նա։