ԵՏՄ տարածքում նախկին ԽՍՀՄ բրենդների հարցը կկարգավորվի ներկա կանոնակարգերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության պաշտպանության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրները շարունակում են մնալ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող նույն միջազգային համաձայնագրերի մասնակիցներ, որոնք ստորագրել է նաեւ Հայաստանը:
Հարցին, թե ինչպիսին կլինի խորհրդային ապրանքանիշների («Բելոչկա», «Բուրատինո» եւ այլն) ապագան, Ազիզյանը պատասխանել է, որ ամեն ինչ մնում է նույնը. Հայ արտադրողները ունեն այդ իրավունքները սեփական երկրում, ռուս արտադրողները՝ իրենց երկրում: «Հետեւաբար, նույն «Բելոչկան» Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ է Հայաստանի պատկան մարմինների թույլտվությունը, ինչպես նաեւ հակառակը»,-նշել է Ազիզյանը:




























