Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում ցանկացած բարդություն բացառված է եւ հարեւան երկրների միջեւ կոնֆլիկտների համար հեռանկարներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց վրացի քաղաքագետ, Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, 2015թ.Հայաստանի եւ Վրաստանի եվրասիական ու եվրոպական ինտեգրման ավելի խորացող գործընթացների ֆոնին Հարավային Կովկասի պետությունների միջեւ հարաբերություններում լրացուցիչ բարդությունների սպասել:
Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանի ու Հայաստանի շահերը ոչ մի տեղ չեն հատվում: «Այդ հարաբերություններում ես ոչ մի բարդություն չեմ տեսնում, քանի որ Հայաստանն ունի իր ճանապարհը, Վրաստանն՝ իր: Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում զարգացման իր ուղին եւ իր ընկերներին: Եվ գլխավորն այն է, որ Հարավային Կովկասում հավասարակշռությունը պահպանվում է», - նշել է Սոսո Ցինցաձեն՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ հայ-վրացական հարաբերությունների վատթարացման միտումներ չի տեսնում:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի մեկից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն արդեն հայտարարում է եվրաինտեգրման ուղով ընթանալու մտադրության մասին:




























