Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը անսպասելիորեն հայտնվել է Թուրքիայի իշխող կուսակցության («Արդարություն եւ զարգացում») կոնգրեսում, որն ընթանում է Քոնյա քաղաքում: Պաղեստինցի առաջնորդը կարճ ելույթ է ունեցել այնտեղ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet թերթը, Մաշաալը իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի առաջնորդներին եւ հույս հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կկարողանա նրանց հետ միասին «փրկել Պաղեստիննը եւ Երուսաղեմը»:
«Ուժեղ Թուրքիան նշանակում է ուժեղ Պաղեստին: Դեմոկրատական եւ կայուն Թուրքիան ուժի աղբյուր է բոլոր մահմեդականների համար»,-ասել է Մաշաալը:
Կոնգրեսում հավաքվածները ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ելույթը մի քանի անգամ ընդհատել են «Ալլահը մեծ է» եւ «Կորչի Իսրայելը» վանկարկումներով: Նրանք ձեռքներին թափահարել են Թուրքիայի եւ Պաղեստինի դրոշները:




























