Բոլոր նրանք, որոնք, Մեծ Բրիտանիայի նման, իրենց համարում են ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի ընկերը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջընթացի հույս ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով հարցին, հնարավո՞ր է, արդյոք, 2015 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որեւէ առաջընթացի հասնել՝ չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին էլ Անկարան շարունակում է հերքել սեփական պատմությունը:

«Մենք ակտիվորեն սատարում էինք 2009 թվականի արձանագրությունները եւ կոչ էինք անում դրանք վավերացնել՝ առանց որեւէ նախապայմանի: Հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարվա ընթացքում մենք մեր դերը տեսնում ենք նրանում, որպեսզի անենք հնարավոր ամեն ինչ՝ հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու համար: Մենք ընդունում ենք երկու երկրների՝ սեփական պատմությանն առերեսվելու եւ առաջընթացի ուղի գտնելու կարեւորությունը»,- ասաց Քեթրին Լիչը՝ հավելելով, որ հույս ունեն, որ 2015 թվականին համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանգնեցնելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է: