Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով վիրավորված Վոլոդյա Հարությունյանի վիճակում շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ հավելելով, որ նրան երեկ՝ հունվարի 4-ին են տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

Հիշեցնենք, որ Վոլոդյային Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են, այնուհետեւ տեղափոխել Երեւան:

Արամ Ասատուրյանը նշեց, որ այս պահին իրենք սպասում են, որ զինվորի վիճակը կայունանա, որից հետո ողնաշարի ֆիկսացիայի վիրահատություն պիտի կատարվի: Նրա խոսքով՝ վիրավորվել է Վոլոդյա Հարությունյանի թոքն ու երիկամը:

Նշենք, որ Վոլոդյա Հարությունյանը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքից է, ամուսնացած է, ունի դպրոցական երեխա:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: