Հայաստանում հունվարի 4-ից սկսվել է 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները վճարվում են բարձրացված չափերով:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը 14%-ով բարձրացել է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել էր, որ միջին կենսաթոշակը 36 հազար դրամից դառնալու է 41 հազար դրամ:
Այսպես, 2015թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա եւ 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:
2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաեւ զինվորական կենսաթոշակների ավելացում, որոնք 2014թ. ամռանն արդեն բարձրացվել էին: «Այս քաղաքականությունը մենք կշարունակենք եւ այս, եւ նպաստների մասով», - ընդգծել էր նախարարը:




























