Իրաքի անվտանգության ուժերը կառավարական զորքերի կողմում «Իսլամական պետության» դեմ պայքարող աշխարհազորայինների աջակցությամբ Սալահ Էդ Դին նահանգում ոչնչացրել են ԻՊ 26 գրոհայինի: Այս մասին Iraqi News-ին հայտնել է  Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը: Ըստ նրա` խմբավորման անդամներին ոչնչացրել են Բայջի քաղաքի շրջակայքում:

Իրաքի եւ Սիրիայի զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետությունը» դարձել էր 2014թ. համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը:  Ըստ ԿՀՎ-ի՝ շուրջ 30 հազար գրոհային ունեցող խմբավորումը գրավյալ տարածքներում հռչակել է խալիֆայություն եւ ձգտում է հետագայում էլ ընդլայնել իր ձեռքբերումները:

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային զորքերը (դեռ սահմանափակվում են օդից հարվածներով), ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի քրդերը: