«Charlie Hebdo» երգիծական ամսագրի ծաղրանկարչուհին՝ երիտասարդ մայր Քորին Ռեյը, պատմել է, թե ինչպես է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին ներս թողել խմբագրություն:

Ըստ The Daily Mail-ի, Քորին Ռեյը գնացել է մանկապարտեզ՝ դստերը վերցնելու, իսկ վերադառնալիս երկու զինյալներ փակել են նրանց ճանապարհը: «Ես երեխային վերցնում էի մանկապարտեզից, երբ ամսագրի շենքի առջեւ դիմակավորված երկու անձիք սկսեցին սպառնալ մեզ»,- ասել է Կոկո ստեղծագործական կեղծանվամբ ծաղրանկարիչը:

Ռեյի խոսքով, նրանք ցանկանում էին խմբագրություն բարձրանալ, այդ պատճառով ինքը սպառնալիքի ներքո ներքին հեռախոսով հավաքել է անվտանգության համակարգի ծածկագիրը: Այնուհետեւ Քորին Ռեյն ու նրա դուստրը թաքնվել են մեքենայի նստարանի տակ, որտեղից էլ երկու այլ ծաղրանկարիչների սպանության ականատեսն են դարձել: «Նրանք կրակեցին Վոլինսկիի եւ Կաբյուի ուղղությամբ: Դա ընդամենը հինգ րոպե տեւեց»,- պատմել է Ռեյը՝ հավելելով, որ զինված ահաբեկիչները շատ լավ ֆրանսերեն են խոսել եւ հայտարարել, որ «Ալ Քաիդա»-ի անդամներ են:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետեւանքով ամսագրի 4 ծաղրանկարիչ է սպանվել: Նրանց թվում են 47-ամյա Ստեֆան Շարբոնյեն, ով հայտնի է որպես Շարբ, 76-ամյա Ժան Կաբյուն, 80-ամյա Ժորժ Վոլինսկին եւ 47-ամյա Բերնար Վելյակը, ով հայտնի է Տինյու կեղծանվամբ: