Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու համաշխարհային առաջնորդները հակաահաբեկչական միլիոնանոց երթում թեւանցուկ են քայլել: 

«Միլիոն մարդ` արցունքն աչքերին, Մարսելյոզի եւ ծափահարությունների ներքո անցել է քաղաքով, որպեսզի մարտահրավեր նետի իսլամական ահաբեկչությանը», - գրում է ֆրանսիական Liberation-ը: Համանման ցույցեր տեղի են ունենում նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Հանրապետությունում դրանց մասնակցել է ընդհանուրը  2,5 մլն մարդ, փոխանցում է «Ֆրանս Փրեսսը»:

Փարիզի փողոցներում երթով անցել են նաեւ հրեական եւ մահմեդական համայնքների, քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչները;
 «Այսօր Փարիզն աշխարհի մայրաքաղաքն է; Ողջ երկիրը պետք է ոտքի կանգնի եւ զգա այն ամեն  լավը, որ կրում է իր մեջ», - կեսօրին հայտարարել է Օլանդը:

Ցուցարարները հարգել են Charlie Hebdo խմբագրության սպանված աշխատակիցների, հինգշաբթի սպանված  ոստիկանության երիտասարդ սպայի, ինչպե նաեւ սուպերմարկետում ուրբաթ օրը սպանված չորս հրեաների հիշատակը: Ցույցին մասնակցում էին նաեւ քաղաքական հակառակորդ  առաջնորդներ. այնտեղ էին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն եւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կային նաեւ եվրոպական առանցքային առաջնորդներ` Անգելա Մերկելն ու Դեյվիդ Քեմերոնը, Ժան Կլոդ Յունկերն ու Մատեո Ռենցին:

Նշենք, որ նախագահ Օլանդից առաջ հինգերոդ հանրապետության միայն մեկ նախագահ է մասնակցել փողոցային ցույցի՝ Ֆրանսուա Միտերանը 1990թ., Կարպանտրա քաղաքում հրեական գերեզմանոցը պղծելուց հետո: 

Նշենք, որ նախկին նախագահներ Վալերի Ժիսկարը դ’Էստենը եւ Ժակ Շիրակը նախընտրել էին են չմասնակցել ցույցին, սակայն Նիկոլյա Սարկոզին ներկայացել էր: Ելիսեյան պալատում վստահ են. թեպետ ցույցը տեղի է ունենում միջազգային համերաշխության կոչի ներքո, համախմբվել է առաջին հերթին Ֆրանսիայի ժողովուրդը. ըստ Պարի-Մատչ ամսագրի հարցման՝ ֆրանսիացիների 97%-ը ազգային միասնությունն անհրաժեշտ են համարում:  

Նշենք, որ ցույցեր են տեղի ունենում նաեւ Ֆրանսիայի սահմաններից դուրս. Բրյուսելում հավաքվել է շուրջ 10 հազար մարդ, հավաքներ են տեղի ունեցել նաեւ Լոնդոնում, Բեռլինում եւ Մադրիդում: