Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին խնդրել էր չգալ Փարիզ` հակաահաբեկչական երթին մասնակցելու: Այս մասին գրում են ֆրանսիական եւ իսրայելյան լրատվամիջոցները վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը: 
Ազգային անվտանգության հարցերով Օլանդի խորհրդական Ժակ Օդիբերը կապվել է իսրայելցի գործընկեր Յոսի Կոենի հետ եւ փոխանցել, որ Օլանդը կգերադասեր Նեթանյահուին չտեսնել տվյալ երթում: 

Օդիբերը դա բացատրել է նրանով, որ Օլանդը չի ցանկանում Ֆրանսիային համերաշխություն հայտնող միջազգային առաջնորդների ուշադրությունը շեղել այլ թեմաների վրա, ինչպիսին է պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը: Ֆարնսիացիները մտավախություն են ունեցել նաեւ, որ Նեթանյահուն տվյալ երթը որպես առիթ կօգտագործի նախընտրական քարոզարշավ ծավալելու համար:  Սկզբում Նեթանյահուն տեղի է տվել, սակայն հետո փոխել է իր որոշումը: Փարիզի սինագոգում միջոցառման ժամանակ Օլանդը դուրս է եկել, երբ եկել է Նեթանյահուի ելույթի պահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ըստ տարբեր գնահատականների՝ ահաբեկչության դեմ «Հանրապետական երթին»  մասնակցել է 1,2 -1,6 մլն մարդ, այն տեղի է ունեցել հունվարի 11-ին Փարիզում: Կողք կողքի քայլել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն եւ Պաղեստինի առաջնորդ  Մահմուդ Աբասը, ինչպես նաեւ ԵՄ առաջնորդներ Ժան Կլոդ Յունկերը եւ Մարտին Շուլցը: 
Ֆրանսիայում ահաբեկչությունների շարքը սկսվել էր Charlie Hebdo  խմբագրության վրա հարձակմամբ: Երեք օրվա ընթացքում զոհվել էր 17 մարդ, այդ թվում նաեւ 3 ոստիկան: Երկու հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել էր երեք ահաբեկիչ: Սուպերմարկետում ահաբեկչութունից հետո Բինյամին Նեթանյահուն Ֆրանսիայի հրեաներին առաջարկել էր  արտագաղթել Իսրայել: