Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենա. Ընդդիմության թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նվազագույն տարբերությամբ հաղթել է ըտրությունների երկրորդ փուլում, որը կայացել է հունվարի 11-ին:

Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն` Գրաբար-Կիտարովիչը հավաքում է 50,43%: Յոսիպովիչը ստացել է 49,57%; Մասնակցությունը կազմել է 58,9%:

Իվո Յոսիպովիչն արդեն հաղթանակի առթիվ շնորհավորել է մրցակցուհուն: 

 «Խորվաթիան կդառնա ԵՄ ամենաբարգավաճ երկրներից», – հայտարարել է Գրաբար-Կիտարովիչը` իր նախընտրական շտաբում դիմելով կողմնակիցներին, որտեղ նրանք հավաքվել էին քվեարկությունից հետո,   փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը 2003թ. դեկտեմբերից մինչեւ 2005թ. փետրվարը զբաղեցրել է եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը: 2004թ. բանակցություններ է վարել Խորվաթիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: 2005թ. փետրվարի 17-ից մինչեւ 2008 թ. հունվարը զբաղեցրել է արտգործնախարարի եւ եվրոպական ինտեգրման նախարարի պաշտոնները:  

2008-2011թթ. եղել է ԱՄՆ-ում Խորվաթիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 2011 թ. հուլիսից մինչեւ 2014 թ. սեպտեմբերը  եղել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը՝ հանրային դիվանագիտության գծով: