Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը կկայանա ս/թ. մայիսի 21-22-ին, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք ունենք Լատվիայի կառավարության լիակատար աջակցությունը: Մենք պետք է որոշակի արդյունքների հասնենք մինչեւ գագաթաժողովը: Չեմ ցանկանում նախնական սպասումներ առաջացնել հասարակության մեջ, սակայն կանենք մեզանից կախված ամեն ինչ: Մնացածը կախված կլինի ընդհանուր պայմաններից եւ այդ ժամանակ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններից», — հունվարի 9-10-ը Լատվիա կատարած իր այցի արդյունքներն ամփոփելով` վրացի լրագրողներին հայտնել է Ղարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:
Վրաստանը հույս ունի, որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում որոշում կընդունվի ԵՄ-ի հետ Վրաստանի առանց արտոնագրային ռեժիմի վերաբերյալ: Այս տարի Լատվիան ընտրվել է ԵՄ խորհրդի նախագահող երկիր:
Վրաստանը 2014թ. հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր էր ստորագրել:



























