Հունվարի 15-ին Աստանայում «նորմանդական քառյակի» հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կախված է փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքների արդյունքներից, «Վեդոմոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե հունվարի 15-ի հանդիպման նախապատրաստումը գործնական փուլ մտնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք նախագահ Պուտինի մասնակցության վերաբերյալ. Մինչ այդ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները փորձագիտական մակարդակով, եւ մեր հետագա գործողությունները կախված են դրանց արդյունքներից», - ասել է նա:
Ռուսական թերթը նշում է, որ հանդիպումը կարող է նաեւ տեղի չունենալ: Ըստ Անգելա Մերկելի ներկայացուցչի՝ հունվարի 10-ին Պուտինի հետ զրույցում կանցլերը փաստորեն հայտարարել է նման գագաթաժողովի վաղաժամության մասին, հայտնում է «lenta.ru»-ն:
Հունվարի 11-ին, գտնվելով Փարիզում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եռակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի եւ Անգելա Մերկելի հետ: Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Աստանայում նորմանդական ձեւաչափով գագաթաժողովի նախապատրաստման անհրաժեշտ պայմանները եւ եւ օրակարգը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հունվարի 12-ին Բեռլինում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում՝ Ուկրաինայում իրավիճակի կագրավորման վերաբերյալ, «նորմանդական քառյակի» ձեւաչափում:
ԳԴՀ-ի ԱԳՆախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կընդունի իր գործընկերներին Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից՝ Սերգեյ Լավրովին, Պավել Կլիմկինին եւ Լորան Ֆաբիուսին: Սպասվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը:



























