Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կարծում է՝ Ֆրանսիայի ահաբեկչությունների հետեւում կարող են կանգնած լինել «ազդեցիկ ուժեր»:
«Ես միանշանակ դատապարտում եմ Փարիզում անզեն մարդկանց սպանությունը: Սակայն վստահ չեմ, որ այդ իրադարձությունների հետ կապ չունեն որոշ ազդեցիկ ուժեր», - գրել է նա Instagram-ի իր բլոգում:
«Արդյոք սա ինչ-որ մեկի կողմից ծրագրված գործողություն չէ՞ հակաիսլամական տրամադրություններ հրահրելու համար, կամ հասունացող մեկ այլ գլոբալ խնդրից ուշադրությունը շեղելու փորձ» - նշել է նա, փոխանցում է «lenta.ru»-ն:
Քադիրովը հարց է տվել՝ «ինչո՞ւ նախագահները, թագավորները, վարչապետները ոչ մի անգամ չեն գլխավորել բողոքի ցույցեր՝ հազարավոր աֆղանցիների, սիրիացիների, եգիպտացիների, լիբիացիների, եմենցիների, իրաքցիների զոհվելու առնչությամբ»:
«Ինչո՞ւ նրանք լռեցին, երբ Գռոզնիում պայթեցրին Կառավարության տունը, երբ պայթեցրին մարզադաշտի տրիբունաները եւ զոհվեցին ժողովրդի կողմից ընտրված նախագահ Ահմադ Հաջի Քադիրովը եւ իր համախոհները, երբ գրավեցին Բեսլանի դպրոցը եւ պատանդներ վերցրին Դուբրովկայում, երբ դեկտեմբերին զավթեցին Գռոզնիի Մամուլի տունն ու դպրոցը, որի հետեւանքով զոհվեցին ու տուժեցին շուրջ 50 մարդ» - հավելել է նա:




























