Ստեփանավանի ջերմոցային տնտեսության սեփականատեր Սամվել Հարությունյանը դատական հայց է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների միության նախագահ Խողոս Գեւորգյանը: Նրա խոսքով, դատական գործընթացն արդեն մի քանի տարի ձգձգվում է:
2008 թվականի մարտին Հարությունյանի գազն անջատել են՝ ցրտահարելով գրեթե ամբողջ տարեկան բերքը: «Փետրվարին նա որոշեց ստուգել, արդյո՞ք ճիշտ են հաշվարկում իր վճարը, եւ խնդրեց ցույց տալ հաշվարկման մեթոդիկան: Դրանից հետո եկան եւ անջատեցին նրա գազը»,- ասաց Գեւորգյանը:
Առաջին ատյանի դատարանը բավարարեց փոխհատուցման մասին նրա հարցը, Վերաքննիչը՝ մերժեց, իսկ Վճռաբեկ դատարանն այն չընդունեց դիտարկման: Մի քանի ամիս առաջ Հարությունյանը Ստրասբուրգ դիմեց: «Բայց երեւում է, որ մի քանի տարի ստիպված կլինենք սպասել: Թե որքան, առայժմ մեզ չեն հաղորդել»,- հավելեց Գեւորգյանը:



























