Հունվարի 26-30-ը նախանշված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին առնչվող հարց չի լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նստաշրջանի օրակարգում մի շարք կարեւոր հարցեր կան, այդ թվում՝ կապված խոսքի ազատության, Եվրոպայում հանդուրժողականության եւ խտրականության, քրիստոնյաների խնդիրների հետ: Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքն անձամբ մտադիր է հանդես գալ զեկույցով՝ կապված Ադրբեջանում խոսքի ազատության իրավիճակի հետ: «Այդ առումով հարեւան Ադրբեջանում իրավիճակն այնքան սարսափելի է, որ մեր եվրոպացի գործընկերների համար նորություն չի լինի, այլ ավելի շատ հիշեցում կլինի»,- հավելեց պատգամավորը:
Նշենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ներկայացրել է ձմեռային նստաշրջանի օրակարգը, որը կայանալու է հունվարի 26-ից 30-ը, Ստրասբուրգում: ԵԽԽՎ կայքի փոխանցմամբ, պատվիրակներին ողջունելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժամ-Կլոդ Յունկերը եւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը:



























