Ադրբեջանի հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսը (Յունուսով) 60-ամյակը նշում է բանտում: Այս մասին Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Հարավային Կովկասի գծով հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը գրել է OpenDemocracy.net կայքում հրապարակված հոդվածում: Դե Վաալը, մասնավորապես, գրել է.
«2014 թվականի օգոստոսի 5-ին, կեսգիշերն անց, ես խոսեցի իմ ընկեր Արիֆ Յունուսի հետ: Նա շատ մտահոգ էր, ցանկանում էր քննարկել, թե ինչպես կարելի է բժշկական օգնություն ստանալ կնոջ՝ Լեյլայի համար. եւս մեկ հայտնի իրավապաշտպան, ում ավելի վաղ էին ձերբակալել: Արիֆը գնում էր տխրահռչակ Քյուրդահանի բանտ, բայց հետո նրան տնային կալանքի ենթարկեցին:
Արիֆի հետ զրույցից մի քանի ժամ անց Արիֆը Բաքվում գնաց դատալսման եւ չվերադարձավ: Նրան ձերբակալեցին պետական դավաճանության համար եւ մեկուսարան փոխադրեցին: Ադրբեջանի Ազգային անվտանգության գործակալության խցում նա չի կարող նամակ ստանալ, նրան չեն կարող այցելել: Այնտեղ էլ նա հունվարի 12-ին դինավորեց ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն աճող բռնակալություն ցուցաբերեց: Ձերբակալվեցին մի քանի այլ հայտնի գիտնականներ, լրագրողներ, փաստաբաններ, մարդու իրավունքների ակտիվիստներ:
Արիֆի հետ ես ծանոթացել եմ 2000-ականներն, երբ նա գիրք էր գրում Ղարաբաղի մասին: Նա գրեթե միակն է այս հակամարտությունում, ով շահագրգռված է անձնական վկայությունների հիման վրա ուսումնասիրություններով: 1988 թվականին նա շրջել է երկրում, որպեսզի զրուցի մարդկանց հետ եւ հասկանա, թե իրականում ինչ է կատարվում Ղարաբաղում:
Նա այն եզակի ադրբեջանցիներից է, ով այցելել է Հայաստան: Ինչպես բաքվեցիների մեծ մասի, այնպես էլ նրա մայրը հայուհի է, բայց, ի տարբերություն շատերի, նա որոշեց չթաքցնել դա: Ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանական նյութերի մեծ մասը հիմնված է թույլ աղբյուրների վրա եւ չի դիմանում ավելի մանրամասն ուսումնասիրության: Սակայն Յունուսի ինֆորմացիան հակասում էր հայկական տարբերակին՝ հակամարտության առաջին փուլում անթերի պահվածքի մասին:
Նա ադրբեջանցի առաջին գիտնականն էր, որը լրջորեն հետազոտեց 1988-1991 թվականներին Հայաստանից փախած ադրբեջանցիների կորուստները:
Հայերի հետ համագործակցելու վերաբերյալ մեղադրանքները, որ առաջադրվել են Արիֆ եւ Լեյլա Յունուսներին, հնարավոր է, ընդամենը պատրվակ են, հասարակության աչքում նրանց սեւացնելու միջոց: Նույն հնարքը կիրառում են Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ. հայտնի լրագրող, ով ձերբակալվեց ապրիլին Հայաստան կատարած այցից հետո: Հիմնական պատճառ կարող էր լինել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Լեյլա Յունուսի գործունեությունը:
Ինչպես եւ շատերը, ես նույնպես Արիֆ Յունուսից իմացա այն մասին, թե ինչպես է ապրում Կովկասը: Ոչ միայն փաստերի հավաքածու, այլ ամբողջական պատկեր: Ես նրան, նրա կնոջն ու գործընկերներին շուտափույթ ազատագրում են մաղթում: Նրանք արժանի են դրան, Ադրբեջանը՝ նույնպես»:




























