Պաղեստինը՝ որպես ոչ ինքնիշխան պետություն, չի կարող Միջազգային քրեական դատարանի անդամ հանդիսանալ, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս դիրքորոշումը նա հաստատել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահ Օբաման ընդգծել է, որ, ըստ ԱՄՆ-ի, Պաղեստինի միացումը ՄՔԴ-ին առաջընթացի կառուցողական քայլ չի լինի», — նշել է մամուլի ծառայությունը: ԱՄՆ ղեկավարությունը նախկինի պես «կտրուկ դեմ է», որպեսզի իսրայելցիները կամ պաղեստինցիները «վստահություն խափանող գործողություններ ձեռնարկեն» եւ երկու կողմերին էլ կոչ է անում «ուղիներ որոնել իրավիճակի լարվածությունը թոթափելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Օբաման եւ Նեթանյահուն քննարկել են նաեւ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները: Օբաման Նեթանյահուին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ԻԻՀ-ի հետ հասնելու է միայն այնպիսի համընդհանուր համաձայնության, որը «նրան թույլ չի տա միջուկային զենք ստանալ, եւ միջազգային հանրությանը երաշխիքներ կտա, որ այդ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում»:
Մինչդեռ սպասվում է, որ Պաղեստինը 2015 թ. ապրիլի 1-ից կդառնա ՄՔԴ-ի լիիրավ անդամ: Սա վերջերս հաստատել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: ԱՄՆ-ն չի մասնակցում ՄՔԴ-ի աշխատանքներին՝ կարծելով, որ այդ դատարանը խախտում է պետական ինքնիշխանությունը:



























