Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն այսօր գտնվում է ԱՄՆ-ում, եւ որի դեմ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, մտադիր է վերադառնալ հայրենիք: Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, ուժեղանում են մեր ընկերների դիրքերը, այս ամենը կնպաստի իմ Վրաստան վերադարձին»,-վստահություն է հայտնել Սահակաշվիլին:

Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը մերժել էր Սահակաշվիլիին աշխատանքային վիզա տրամադրել, հետեւաբար նա չի կարող քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում:
Դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր, որ հրաժարվել է Ուկրաինայի կառավարությունում աշխատելու Պորոշենկոյի առաջարկից:

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Սահակաշվիլիին կալանավորելու որոշում է կայացրել: