Մոտ 25 հազար մարդ հունվարի 12-ի երեկոյան դուրս է եկել Դրեզդենի փողոցներ՝ մասնակցելու հակաիսլամական ցույցին: Ավանդույթի համաձայն ակցիան կազմակերպել է Pegida աջ շարժումը՝ «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արեւմուտքի իսլամացման» կարգախոսով:

AFP-ի տվյալներով, ակցիան թվով 12-րդն է եւ ռեկորդային իր մասնակիցների թվով: Ցուցարարների մեծ մասը ձեռքներին ունեցել է ազգային դրոշ, շատերն ունեցել են Ֆրանսիայի դրոշներ եւ պաստառներ հետեւյալ գրություններով. «Նրանք չեն կարող սպանել մեր ազատությունը» եւ «Je Suis Charlie» (ես Շառրի եմ):

Բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել են Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակը:

Pegida-ն հանդես է գալիս ներգաղթային օրենսդրության խստացման օգտին: Նրանք դժգոհ են, որ եվրոպական երկրներում մահմեդականները մեծ թիվ են կազմում: Զուգահեռաբար Գերմանիայի քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Pediga հակաիսլամական շարժման, որին մասնակցել է մոտ 100 հազար մարդ: