ՕՊԵԿ-ն այլեւս չի կարող պաշտպանել հունիսից զգալիորեն անկում ապրած նավթի գները: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սոհեյլ ալ-Մազուրին, հայտնում է France-Presse գործակալությունը:

Նրա խոսքով՝ տվյալ պահին անհրաժեշտ է Հյուսիսային Ամերիկայում կրճատել թերթաքարային նավթի հանույթը:

«Մենք այլեւս չենք կարող որոշակի գին պաշտպանել», - ասել է ալ-Մազուրին՝ ընդգծելով, որ շուկայում նավթի գերավելցուկը գլխավորապես պայմանավորված է թերթաքարային նավթի չափազանց մեծ քանակությամբ, հայտնում է Gazeta-ն:

Երեքշաբթի լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց նվազել է մոտ 4%՝ կազմելով 45,5 դոլար: WTI տեսակի նավթի գինը իջել է 2,5%-ով՝ կազմելով 44,92 դոլար: