Մի խումբ ծայրահեղականների կողմից իսլամիստական հերթական գործողությունը հետագայում կնպաստի եվրոպական հասարակություններում առանցքային խաղացողների մոտ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի քաղաքականացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արեւմտյան Անգլիայի Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր, եվրոպական հարցերով փորձագետ Գյունթեր Վալցենբախը:
Նրա խոսքով՝ ահաբեկչական հարձակումները Փարիզում արտակարգ հիշեցում էր, որ պետք է վերսկսել քննարկումնորը, որոնց մասին շատերը կցանկանային մոռանալ, հատկապես աշխարհիկ Եվրոպայում:
«Թեեւ այս անգամ բարբարոսական գործողությունները տեղի ունեցան Փարիզում, շատ քիչ է հույսը, որ մյուս երկրները երաշխավորված են դեպքերի նման զարգացումից: Խոսքի ազատությունն, օրինակ, որպես ժողովրդավարական արժեք է դիտվում նաեւ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կամ Իտալիայում:
Որպես դրա հետեւանք քաղաքական կուսակցություններն ու կառավարությունները շեշտը կդնեն այդ սկզբունքի պաշտպանության վրա՝ այս կամ այն ագրեսիվ մարտահրավերի դեպքում՝»,-ասել է Վալցենբախը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարների համատեղ արագ արձագանքը, նաեւ հերահսկող մարմինների համատեղ գործելուն ուղղված ջանքեր գործադրելու կոչը քայլեր էին ճիշտ ուղղությամբ, բայց պետք է անել ավելին:
«Շատ հնարավոր բացատրություններ կան, թե ինչ կարող էր տեղի ունենալ Փարիզում. Ահաբեկչությունը կարող է սահմանափակվել մեկուսացած խմբի վարքի շրջանակներում, այն կարելի է դիտարկել որպես բռնի քաղաքական ռազմավարության արտահայտություն, կամ այս կամ այն մշակույթի համար ինքնազոհություն»,-ասել է Վալցենբախն ու շարունակել. «Ինչ պատասխաններ էլ գտնենք այս դեպքի համար, դրանք ենթադրում են տարբերակված եւ հավասարակշռված մոտեցում քաղաքական իշխանությունների կողմից՝ խուսափելու համար անցանկալի ժողովրդահաճո արձագանքից կամ հակաիսլամիզմի հետագա ծավալումից»:




























