Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերը պետք չի կապել միայն իսլամի հետ, քանի որ կան նաեւ այլ բաղադրիչներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արաբագետ Հայկ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է զգույշ լինել այս հարցում, որպեսզի չնպաստենք հակաիսլամական տրամադրությունների լարմանն ու սրմանը:
Իսլամագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայում, այն մահմեդականները, որոնք ինտեգրվել են այդ հասարակությանը՝ շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան նրանք, որոնք փորձում են արմատական միջոցներով հասնել իրենց նպատակների իրագործմանը: «Այդ դժգոհ մասսայից դեպի ահաբեկչություն, փաստորեն, կես քայլ է: Բոլոր մուսուլմանները ահաբեկիչ չեն և բոլոր ահաբեկիչները մուսուլմաններ չեն»,-ասել է նա:
Սարգիս Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ո՛չ իսլամական պետությունը, ո՛չ Ալ-Քաիդան կանգնած չեն այս ամենի հետևում: «Նրանք մի քանի իսլամականներ են, որոնք գործել են ինքնուրույն: Այդ օրերին տեսագրություն տարածվեց, որտեղ երրորդ ահաբեկիչը հավատարմության երդում էր տալիս Իսլամական պետությանն ու նրա խալիֆին: Սա հնչեղություն ապահովելու ֆոն էր տալիս բռնարարքին: Եղած ինֆորմացիան վկայում է, որ նրանք ինքնուրույն են գործել: Նրանք կարող են լինել գաղափարակիցներ, բայց չանդամակցել այդ կառույցներին»,-ընդգծել է իսլամագետը:




























