Գոյություն ունի ոչ ճիշտ եւ պարզունակ ըմբռնում, որ եթե Հայաստանում քաղաքական ուժը ներկայացնում է ընդդիմությունը, ապա այդ ուժի անդամներից եւ ոչ մեկը չպետք է աշխատի պետական ապարատում: Այդ մասին այսօր՝ հունվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով խմբակցության նախկին պատգամավոր Արա Նռանյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայաստանյան անդամ նշանակվելու փաստին:
Պատգամավորի խոսքով՝ դա ոչ ճիշտ մոտեցում է: «Հակառակը, մենք պետք է որակյալ կադրերի համար ապահովենք պետական ապարատի բացություն, մենք չպետք է նրանց բաց թողնենք Հայաստանից: Ինչպե՞ս է ստացվում, որ մեր հայրենակիցները փայլում են արտասահմանում: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի մեր որակյալ կադրերը դուրս գան Հայաստանից», - ընդգծեց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցույան նախկին պատգամավոր Արա Նռանյանը կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայաստանյան անդամ: Ինչպես հայտնի է, այդ կառույցում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Ավելի վաղ, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԵՏՄ-ում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ կնշանակվի էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը:




























