Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները այժմ փաստացիորեն Ռուսաստանի քաղաքացիներին հավասարեցված աշխատանքային իրավունքներ ունեն, «ՌԻԱ Նովոստին» հաղորդել են ՌԴ-ի կառավարությունից:
«Բացի ռուս-հայկական երկկողմ համաձայնագրի հիման վրա 30 օրվա ընթացքում միգրացիոն գրանցումից ազատվելուց, Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները փաստացիորեն հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներին։ Այսպես, գործատուներն իրավունք ունեն աշխատանքի ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանությանն ուղղված սահմանափակումները», - հայտնել են կառավարությունից։ Ընդ որում, Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվելու ՌԴ-ում աշխատելու թույլտվություն ստանալ։
ՌԴ-ում ընդունվում են նաեւ Հայաստանում տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերը, ընդ որում, օրենսդրությամբ հաստատված փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացում է պահանջվում միայն մանկավարժական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելու դեպքում: Նշվում է նաեւ, որ ՀՀ քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մուտք գործելու դեպքում ազատվում են միգրացիոն քարտը լրացնելուց, եթե նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը։
«Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը որոշվում է գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետով», - հստակեցրել են կառավարությունում:
Կառավարությունում նաեւ հայտնել են, որ աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է ճիշտ նույն պայմաններով եւ նույն կարգով, ինչպես որ ՌԴ-ի քաղաաքացիների համար:




























