Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգը կստուգի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքը: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ նախարարությունը բնավ էլ հիացած չէ ընկերության կառավարման անարդյունավետությամբ. Դրա կորուստները վճարում են Հայաստանի սպառողները:
Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգոկոնցեռնի հետ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընկերության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: «Առաջիկա օրերին սպասում ենք ռուսական կողմի ժամանմանը, որի հետ անցկացնելու ենք անհրաժեշտ քննարկումները՝ մինչեւ փետրվարի վերջ», - հավելել է նախարարը:
Նա ավելացրել է, որ հարցը չպետք է դնել այնպես, որ դրանից հետո Հայաստանի էներգահամակարգը կառավարող ընկերությունը կփոխվի: «Մենք պարզապես «Էլեկտրական ցանցերին» աշխատանքի կատարելագործման առաջարկներ կանենք», - պարզաբանել է նախարարը:




























