Անցյալ տարվա կեսերին ԱՄՆ դոլարը սկսեց նկատելիորեն ամրապնդվել: Ներկայացնենք այս տարվա հունվարի 13-ի դրությամբ առկա տվյալները՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվրոյի հանդեպ դոլարն ամրապնդվել է ավելի քան 13%-ով: Ազգային արժույթի թուլացման աստիճանով համաշխարհային ռեկորդ սահմանեց Ռուսաստանը. մեկ տարվա ընթացքում ռուբլին անկում ապրեց գրեթե 2 անգամ: Այս առումով առանձնացան նաեւ Բրազիլիան, Արգենտինան եւ Թուրքիան:
Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) երկրորդ տեղում, Ռուսաստանից հետո, Բելառուսն է. բելառուսական ռուբլին դոլարի հանդեպ թուլացավ 1.5 անգամ: Հայաստանն ու Ղազախստանն այս ֆոնին «համեստ» տեսք ունեն, համապատասխանաբար, 17% եւ 19% ցուցանիշով:
Նշենք, որ արեւմտյան որոշ փորձագետներ առաջիկա ամիսներին դոլարի հետագա ամրապնդում են կանխատեսում: Ընդ որում, նրանք հիմնվում են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի դրույքաչափերի ենթադրյալ բարձրացման վրա: Հաշվի առնելով նավթի համաշխարհային գների շարունակական անկումը, այս գործոնը բավականաչափ կդժվարացնի ռուսական ռուբլու վիճակը:
Ռուսական մասնագետների կարծիքով, նավթի համաշխարհային գների անկումից եւ երկրից կապիտալի զանգվածային փախուստից բացի, ռուբլու փոխարժեքն ընկնում է դոլարի սպեկուլյացիաների հետեւանքով: Դրա հետ կապված արդեն «մոնիթորինգ» է անցկացվում՝ դոլարի ձեռքբերման նպատակները բացահայտելու համար:
Խնդիրների այս ամբողջ գորդյան հանգույցը հանգեցրեց «Fitch» միջազգային հեղինակավոր գործակալության վարկանիշում Ռուսաստանի դիրքերի նվազմանը՝ «BBB»-ից մինչեւ «BBB-»: Դրան արդեն հետեւում է «ոչ ներդրումային» վարկանիշը: Հարկ է ակնկալել, որ այդ գործոնը բավական բացասական կանդրադառնա միջազգային ներդրումների վրա, որոնք ներկայում այնքան անհրաժեշտ են Ռուսաստանին:





























