Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցերով զեկուցողներ Թոմաս Պորեբային եւ Չարլզ Թանոկին:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահը պատմելով մեր երկրի մասին, նշել է, թե  հայ իրականության մեջ մեծ դեր ունեն ավանդույթները, հոգեւոր արժեքները եւ դրանց վրա հիմնված եվրոպական արժեքները` ժողովրդավարությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը:

Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զարգացումները: Զեկուցողները հավաստիացրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին Եվրախորհրդարանին ներկայացվի անաչառ տեղեկատվություն: Կողմերը անթույլատրելի են համարել 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանների առկայությունը:

Նշենք, որ նախօրեին սկսվել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պատվիրակության կազմում են Եվրանեսթում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: