Հանրության սիրելի Յուրի Սոլոմինն ապացուցել է. մարդն առաջին հերթին մարդ է մնում, կրոնն ու կոչումը երկրորդական են:

ԽՍՀՄ արտիստ, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը հանդես է եկել ի պաշտպանություն անտուն կատուների:

Փոքր թատրոնի աշխատակիցներից մեկը սոցիալական ցանցում գրել է, որ կատուն ծննդաբերել է ձեղնահարկում: «Մի գեղեցիկ օր կատվիկները պարզապես սկսեցին առաստաղից ցած թափվել: Փոքրիկներին այս ու այն կողմ էին տեղափոխում, ինչի արդյունքում էլ, հավանաբար, մայրը կորցրել է նրանց: Իսկ հետո «բարի մարդիկ» ընդհանրապես նրանց փողոց նետեցին: Կատվիկների աչքերը հազիվ էին բացվել, նրանք սառչում էին եւ սեղմնում միմյանց, մինչեւ աշխատակցուհիներից մեկն ի վերջո նրանց ներս տարավ»,- գրել է համացանցի օգտատերը:

Կատվի ձագերից մեկն ընկել է ձեղնահարկից եւ հայտնվել պատերի արանքում: Իր բարձր մլավոցով նա գրավել է հաշվապահության ուշադրությունը: Հայտնի չէ, թե որքան է նա այնտեղ մնացել առանց սննդի եւ ջերմության:

Պատը քանդել ու դուրս են բերել կատվիկին: Դեպքը վրդովել է թատրոնի ղեկավար Յուրի Սոլոմինին:

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք չենք կարող լռել: Չգիտեմ, թե ով է Փոքր թատրոնի շենքից փողոց նետել նորածին կատուներին: Բայց գիտեմ, որ սիրտ ունեցողը չէր կարող նման բան անել: Դա դաժանություն է: Կատվիկները կենդանի են: Նրանց տանել ցանկացողներին սպասում եմ իմ աշխատասենյակում»,- ասված է թատրոնի աշխատակիցներին ուղղված Սոլոմինի ուղերձում: