Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի երկու բնակչուհու անզգուշությամբ մահ պատճառվելու դեպքի առթիվ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի թիվ 53 սենյակում էլեկտրական սալօջախը միացված թողնելու հետեւանքով 2015թ. հունվարի 15-ին՝ ժամը 06-ի սահմաններում, առաջացել է հրդեհ, որի հետեւանքով անզգուշությամբ մահ է պատճառվել նույն սենյակի բնակչուհիներ՝ 20.06.1934թ. ծնված Հրանուշ Ավագյանին եւ 10.09.1953թ.-ին ծնված Արաքսյա Օհանյանին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրի ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը նշել էր, որ մահացողները իրենց մոտ խնամվող, սենյակակից երկու կին են: «Փոքր պլիտաներ կան, որոնց վրա սուրճ կամ թեյ են եփում, դրանից է եղել, մեր աշխատակիցը ծխի հոտ է առել, ներս է մտել, տեսել է՝ ուգարից խեղդված են, կանչել է բուժքրոջը»,-ասաց տնօրենը: