Աբխազիայի մայրաքաղաքում վերջին հրաժեշտն են տվել Պետանվտանգության ծառայության հատուկ նշանակության կենտրոնի աշխատակից Էդուարդ Ներսեսյանին, ով զոհվել էր ծառայողական պարտականությունները կատարելիս:
«Նա զոհվեց ինչպես իսկական մարտիկ՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելիս: Քանի դեռ կան Էդուարդի նման մարդիկ, մեր պետությունը գոյության իրավունք կունենա»,- ասել է Աբխազիայի Պետանվտանգության ծառայության ղեկավար Զուրաբ Մարգանիան, փոխանցում է Sputnik-abkhazia-ն:
Էդուարդ Ներսեսյանին հրաժեշտ տալու էին եկել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, վարչապետ Բեսլան Բուտբան, ԱԺ խոսնակ Վալերի Բգանբան, Աբխազիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեմյոն Գրիգորեւը:
Աբխազիայի Հանրապետությունը պաշտպանելի ցուցաբերած առանձնակի քաջության, անձնազոհության եւ արիության համար Աբխազիայի Հանրապետության նախագահի հրամանագրով փոխգնդապետ Էդուարդ Ներսեսյանը հետմահու պարգեւատրվել է Լեոնի շքանշանով:
Աբխազիայի Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակից Էդուարդ Ներսեսյանը եւ Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության զինվորական Անդրեյ Ուդալցովը զոհվել էին հունվարի 12-ին՝ Գալի շրջանի Ռեպ գյուղում՝ այդ մարզում համատեղ գործողությունների իրականացման ժամանակ:


























