Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, եւ երկուստեք առկա է ձեւավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ցանկություն:

Հանդիպման սկզբում Ջեյմս Ապաթուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության եւ մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես Դաշինքի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը եւս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու եւ գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարեւորվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ. նորացված ծրագիրը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: